Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության՝ հունիսի 11-ի նիստին կարևորել է ստեղծված տրանսպորտային նոր հնարավորությունները՝ հիշեցնելով, որ Ախալքալաք-Կարս երկաթուղու երկու գիծն էլ հիմա աշխատում է:
«Այս թեմայով նաև Վրաստանի վարչապետի հետ եմ խոսել, և նա էլ է հավաստիացրել, որ երկու ուղղությամբ էլ որևէ խնդիր չի առաջանա։ Նաև Թուրքիայի նախագահի հետ ենք այս թեմայով խոսել։ Հույս ունենք, որ Հայաստան-Թուրքիա երկաթուղին էլ հնարավորինս արագ կբացվի։ Էլ չեմ ասում՝ TRIPP նախագծի իրագործման շրջանակներում, իհարկե, հնարավորություններն էականորեն կավելանան»,- ասել է նա։
Վարչապետը նշել է, որ շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ Կառավարությունը միշտ էլ աշխատել է, և հիմա այդ քաղաքականությունն արդյունք է տալիս։
«Հիմա մենք այլ ուղղությամբ պետք է աշխատենք։ Մեր նախընտրական ծրագրում լոգիստիկ կենտրոնների մասին կետ կա, և մենք պետք է խթանենք լոգիստիկ կենտրոնների ստեղծումը։ Ենթադրենք՝ նրանք, ովքեր արտադրում են լոլիկ, կարողանան գտնել բանաձև, որ հանդես գան որպես միասնական արտահանող։
Շատ դեպքերում, երբ ապրանք գնելու նկատմամբ հետաքրքրություն է լինում, պարզվում է, որ մենք ի վիճակի ենք արտադրել կամ նրանց հետաքրքրող ծավալների մի մասը միայն ունենք։ Եվ սա կարելի է կոմպենսացնել միայն գոնե կոնսոլիդացված մատակարարումներ իրականացնելով։ Եվ առանց չափազանցության, օրինակ, եթե այս մեխանիզմը աշխատի, կարող է պարզվել, որ տարվա կտրվածքով մի ցանցը կարող է Հայաստանի մի արտադրատեսակն ամբողջությամբ ձեռք բերել, որովհետև մեգացանցեր կան, որոնք հետաքրքրված են, բայց փոքր ծավալն իրենց համար պրոբլեմ է»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։