Ռուսաստանի դեմ ԵՄ 21-րդ պատժամիջոցների փաթեթը, որը Բրյուսելում հունիսի 9-ին ներկայացրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ի թիվս այլ բաների ներառում է սահմանափակումներ Ռուս ուղղափառ եկեղեցու, Մոսկվայի և համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի և Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ Արկադի Դվորկովիչի նկատմամբ։ Այս մասին հայտնել է EUobserver առցանց պարբերականը։
ԵՄ-ն նախկինում չէր կարողացել նմանատիպ պատժամիջոցներ ընդունել Հունգարիայի վետոյի պատճառով՝ վարչապետ Վիկտոր Օրբանի կառավարման ժամանակ։ Սակայն, կառավարության փոփոխությունից հետո, այդ քայլը կարող է իրականացվել, նշում է պարբերականը։
Պատժամիջոցների նախագծում ընդգծվում է, որ պատրիարք Կիրիլը «հետևողականորեն արդարացրել և աջակցել է Ռուսաստանի նվաճողական պատերազմն Ուկրաինայի դեմ»։ Ինչ վերաբերում է Արկադի Դվորկովիչին, ապա նա նույնպես «հրապարակայնորեն աջակցել է» այս պատերազմին, ընդգծում է Եվրահանձնաժողովը։
«Բացի այդ, նա կապված է Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի հետ, որն իր գործողություններով օրինականացրեց ուկրաինական տարածքների բռնազավթումը՝ այնտեղ շախմատի մրցաշարեր անցկացնելով», - լրագրողները մեջբերում են Եվրահանձնաժողովի փաստարկները։