Հյուսիսային Իռլանդիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Բելֆասթում, բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացվել, որոնք ուղեկցվել են անկարգություններով: Ցուցարարների թիրախում են եղել ներգաղթյալները, ավելի հաճախ՝ սևամորթները, որոնց դեմ հայտարարություններ են հնչեցրել, հրկիզվել են շենքեր ու մեքենաներ, փակվել են ճանապարհներ:
Բողոքի պատճառը 30-ամյա սուդանցի փախստականի գործողությունն է: Խոհանոցային դանակով նա Բելֆասթում հարձակվել է մի տղամարդու վրա և լուրջ վնասվածքներ պատճառել նրան, նախքան անցորդները կարողացել են զսպել հարձակվողին ու պահել մինչև ոստիկանության ժամանումը։ Տուժածը ծանր վիճակում է, կորցրել է աչքը, վնասվածքներ ստացել դեմքին ու մեջքին։
Սուդանցին, որը մինչև 2028 թվականը Մեծ Բրիտանիայում բնակության թույլտվություն ունի, մեղադրվում է սպանության փորձի, հասարակական վայրում զենք կիրառելու և սպանության սպառնալիքներ հնչեցնելու համար։
Տեղի իշխանությունը դիմել է ցուցարարներին՝ կոչ անելով զսպվածություն ցուցաբերել և միջադեպը չօգտագործել որպես անմեղ բնակիչներին ահաբեկելու պատրվակ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը դատապարտել է ինչպես դանակով հարձակումը, այնպես էլ դրան հաջորդած անկարգությունները։
Միացյալ Թագավորության շրջանների համեմատ՝ Հյուսիսային Իռլանդիայում քիչ ներգաղթյալներ և էթնիկ փոքրամասնություններ կան: 2021 թվականի մարդահամարի տվյալներով՝ բնակչության 97%-ից մի փոքր պակասը սպիտակամորթ էր։ 2011 թվականին այս ցուցանիշը գերազանցել է 98%-ը։ Բելֆասթը տարածաշրջանի ամենաբազմազգ քաղաքն է, բայց նույնիսկ այնտեղ բնակչության 90%-ից ավելին սպիտակամորթ է։