ԱՄՆ-ն սպառնացել է լրացուցիչ մաքսատուրքեր սահմանել 60 երկրի նկատմամբ, որոնք չեն կարողանում սահմանափակել հարկադիր աշխատանքի միջոցով արտադրված ապրանքների առևտուրը։ Դրանց թվում են Ամերիկայի խոշորագույն առևտրային գործընկերներ Չինաստանը, Կանադան և Մեծ Բրիտանիան, ինչպես նաև Շվեյցարիան, Իսրայելը և Ռուսաստանը։
ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրի խոսքով՝ «Սա ստեղծում է մի իրավիճակ, երբ համաշխարհային շուկայում ամերիկացի աշխատողները ստիպված են մրցակցել անհավասար պայմաններում։ Մենք այլևս չենք հանդուրժի այս անհավասարությունը», - ընդգծել է նա։
ԱՄՆ առևտրային ներկայացուցիչը 60 երկիրը բաժանել է երկու խմբի։ Առաջինում ներառված է 54 երկիր, որոնք «չեն կարողացել իրականացնել և արդյունավետորեն կիրառել հարկադիր աշխատանքի միջոցով պատրաստված ապրանքների ներմուծման արգելքը», դրանց թվում են Կատարը, Սաուդյան Արաբիան, Հարավային Կորեան, Շվեյցարիան, Իսրայելը, Չինաստանը և Ռուսաստանը։
Երկրորդ կատեգորիայում ներառված է վեց երկիր, որոնք պարզապես չեն կարողացել արդյունավետ պայքարել հարկադիր աշխատանքի դեմ՝ ԵՄ բոլոր երկրները, Էկվադորը, Ինդոնեզիան, Մեքսիկան և Պակիստանը։ Այն երկրների համար, որոնք նախկինում պարտավորվել էին արգելել նման ներմուծումը, առաջարկվում է 10% սակագին, մինչդեռ մյուսների համար՝ 12.5%։