Հունիսի 1-ին տեղի է ունեցել «Աջակցություն Հայաստանում վիզաների ազատականացման երկխոսությանը՝ սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ մարմինների բարեփոխումների ոլորտներում» ծրագրի մեկնարկի արարողությունը։
ՆԳՆ-ից հայտնում են, որ Եվրամիությունը 2.2 միլիոն եվրո է հատկացնում Հայաստանին՝ վիզաների ազատականացման գործընթացին աջակցելու նպատակով։ Ֆինանսավորումը կուղղվի սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ համակարգի բարեփոխումներին։
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ սա Հայաստանում առաջին ծրագիրն է, որն ուղղակիորեն աջակցում է վիզաների ազատականացման գործընթացին։ Նրա խոսքով՝ ծրագիրը կարևոր քայլ է Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման, ՀՀ քաղաքացիների ազատ և արժանապատիվ տեղաշարժի հնարավորությունների ընդլայնման, ինչպես նաև մարդկային կապերի ամրապնդման ճանապարհին։
.jpg)
Նախարարը կարևորել է նաև ԵՄ անդամ պետությունների հետ գործընկերության խորացումը՝ նշելով, որ ծրագիրն իրականացվում է Լիտվայի Հանրապետության հետ համագործակցությամբ։
Արփինե Սարգսյանի խոսքով՝ Վարչապետի առաջնորդությամբ Հայաստանը նպատակ ունի հնարավորինս արագ հասնել ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմի հաստատմանը, և ՆԳ նախարարությունը շարունակելու է հետևողական աշխատանքն այդ ուղղությամբ։
Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Լիտվայի Հանրապետության ներքին գործերի փոխնախարար Գինտարաս Ալիքսանդրավիչիուսը, Հայաստանում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անդրիուս Պուլոկասը։
ԵՄ և Լիտվայի բարձրաստիճան ներկայացուցիչները բարձր են գնահատել Հայաստանի արձանագրած առաջընթացը՝ ընդգծելով, որ ՆԳ նախարարության համակարգմամբ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակում իրականացվող բարեփոխումներն արդեն տալիս են տեսանելի և շոշափելի արդյունքներ։
.jpg)
Ծրագրի թիմի ղեկավար Էվելինա Գուձինսկայտեն ներկայացրել է ծրագրի հիմնական ուղղություններն ու նախատեսված միջոցառումները։
«Աջակցություն Հայաստանում վիզաների ազատականացման երկխոսությանը՝ սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ մարմինների բարեփոխումների ոլորտներում» ծրագիրն իրականացվում է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ՝ Լիտվայի Հանրապետության կողմից՝ ՀՀ ՆԳ նախարարության հետ սերտ համագործակցությամբ։