Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը (Россельхознадзор) հայտարարել է, որ 2026 թվականի հունիսի 2-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից մի շարք մրգերի ներմուծման նկատմամբ։
Գերատեսչության հաղորդմամբ՝ սահմանափակումները վերաբերում են կեռասին, բալին, ծիրանին, սալորին, դեղձին, նեկտարինին և խաղողին։ Բացի ներմուծումից, արգելվելու է նաև նշված արտադրանքի տարանցումը դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ՝ մինչև արտահանվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան մեխանիզմների մշակումը։
Россельхознадзор-ում նշել են, որ վերջին շրջանում հաճախակի են դարձել հայկական մրգերի մատակարարումների ընթացքում արձանագրվող խախտումները։ Ըստ գերատեսչության՝ հայկական կողմին բազմիցս տեղեկացվել է կարանտինային արտադրանքի մատակարարումների ժամանակ հայտնաբերված խախտումների մասին, որոնք կապված են ԵԱՏՄ անդամ երկրների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման հետ։
Ռուսական կողմը նաև հայտարարել է, որ իրավիճակը կարող է պայմանավորված լինել Հայաստանում գյուղատնտեսության նախարարության լուծարմամբ և դրա լիազորությունների փոխանցմամբ Էկոնոմիկայի նախարարությանը։ Գերատեսչության գնահատմամբ՝ Հայաստանից ներկրվող արտադրանքը վերջին շրջանում չի համապատասխանում ԵԱՏՄ-ի և Ռուսաստանի բուսասանիտարական պահանջներին, ինչը կարող է վկայել ոլորտի կառավարման կառուցվածքային խնդիրների մասին։
Россельхознадзор-ի կարծիքով՝ ստեղծված իրավիճակը վտանգ է ներկայացնում Ռուսաստանի և ԵԱՏՄ տարածքի բուսասանիտարական անվտանգության համար, ինչպես նաև կարող է բացասաբար ազդել Ռուսաստանում արդյունաբերական այգեգործության, պտղաբուծության և խաղողագործության պետական աջակցության ծրագրերի իրականացման վրա։