Իրանն անմիջապես դադարեցնում է ԱՄՆ-ի հետ բանակցությունները Լիբանանում Իսրայելի ռազմական գործողությունների ակտիվացման պատճառով։ Այս մասին հունիսի 1-ին հայտնել է իրանական Tasnim լրատվական գործակալությունը՝ հղում անելով աղբյուրին։
«Հաշվի առնելով Իսրայելի շարունակական հանցագործությունները Լիբանանում և այն փաստը, որ Լիբանանը հրադադարի նախապայմաններից մեկն էր, և այդ հրադադարն այժմ խախտվել է բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, իրանական բանակցային թիմը դադարեցնում է «բանակցություններն ու հաղորդագրությունները միջնորդի միջոցով»,- գրել է գործակալությունը իր Telegram ալիքում։
Իրանցի բանակցողները հայտարարել են Լիբանանի տարածքից և Գազայի հատվածից Իսրայելի զորքերի ամբողջական դուրսբերման անհրաժեշտության մասին: Նրանց խոսքով՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունները չեն վերսկսվի, քանի դեռ չեն կատարվել Իրանի բոլոր պայմանները: Իրանի զինված ուժերը հայտարարել են նաև Հորմուզի նեղուցն ամբողջությամբ փակելու և այլ ճակատներ ակտիվացնելու մտադրության մասին:
Նույն օրն Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեին հայտարարել է, որ Լիբանանում հրադադարի երաշխիքները Թեհրանի պարտադիր պայմանն են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնագրի կնքման համար:
Նա հավելել է, որ միջուկային հարցի մանրամասների վերաբերյալ բանակցություններ չեն անցկացվել, ներկա փուլում առաջնահերթությունը ռազմական գործողությունների դադարեցումն է։