Մայիսի 27-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանն ընդունել է Կանադայի Նյու Բրանսվիկ նահանգի Գերագույն դատարանի նախագահ Մարկ Ռիչարդի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:
Պատվիրակության անդամներն անդրադարձել են նախորդ տարվա ընթացքում հայ գործընկերների հետ իրականացված աշխատանքներին՝ նշելով, որ Հայաստանում տեղի ունեցած մասնագիտական քննարկումների արդյունքում մշակվել են մի շարք նախաձեռնություններ։ Դրանք վերաբերում են անչափահասների նկատմամբ այլընտրանքային պատժամիջոցների կիրառման մեխանիզմներին, մեղադրական դատավճռից առաջ դատավորին ներկայացվող տեղեկատվական զեկույցների համակարգին, ինչպես նաև հանրային իրազեկմանն ուղղված գործիքների կատարելագործմանը։
Կանադական կողմը նշել է, որ հայ գործընկերներին են փոխանցվել մշակված մեթոդական նյութերն ու զեկույցների օրինակները, որոնք կարող են կիրառվել ոլորտային գործընթացների կատարելագործման նպատակով։
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը կատարված աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով Մարկ Ռիչարդին՝ ընդգծել է երկկողմ արդյունավետ համագործակցության կարևորությունն ու ձևավորված գործընկերային կապերի շարունակական զարգացումը։
Արմեն Մկրտչյանը նշել է, որ անչափահասների հանցավորության կանխարգելումը ՆԳ նախարարության առաջնահերթ ուղղություններից է։ Այդ համատեքստում նա ներկայացրել է Հանցավորության կանխարգելման ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակման, օրենսդրական դաշտի լավարկման ուղղությամբ կատարված աշխատանքները։
Անդրադառնալով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարին՝ փոխնախարարը կարևորել է հատկապես անչափահասների շրջանում կանխարգելիչ միջոցառումների և թմրամիջոցների վնասակարության վերաբերյալ թիրախային իրազեկման բովանդակության մշակումը։
Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։