Միացյալ Նահանգները և Իրանը նոր փոխադարձ հարվածներից հետո նախնական համաձայնության են եկել հրադադարը երկարաձգելու վերաբերյալ. այն դեռ պետք է հաստատի Դոնալդ Թրամփը՝ գրում են արևմտյան ԶԼՄ-ները: Խոսքը 60-օրյա ժամկետի մասին է, որի ընթացքում Թեհրանը և Վաշինգտոնը պետք է շարունակեն բանակցությունները, այդ թվում՝ միջուկային գործարքի վերաբերյալ: Axios-ի տվյալով՝ կողմերն արդեն համաձայնության են եկել հուշագրի պայմանների մեծ մասի շուրջ: Դրանք վերաբերում են Հորմուզի նեղուցով ազատ նավարկության ապահովմանը՝ առանց մաքսատուրքերի կամ հետապնդումների, նաև Իրանը պարտավորվում է 30 օրում մաքրել նեղուցը ականներից: Նաև ակնկալվում է, որ Միացյալ Նահանգները պետք է թուլացնի հակաիրանական պատժամիջոցները:
Իրանական ԶԼՄ-ները հակադարձում են՝ հուշագրի նախագիծը դեռ համաձայնեցված չէ, միջնորդի դերում հանդես եկող Պակիստանը ևս չի տեղեկացվել որևէ փաստաթղթի կամ համաձայնության մասին:
ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է, որ դեռ չեն հասել համաձայնության, բայց մոտ են դրան: Ջեյ Դի Վենսը հավելել է՝ շարունակում են աշխատանքները: Նրա կարծիքով՝ Թեհրանը ցանկանում է գործարք կնքել և բացել Հորմուզի նեղուցը, սակայն խնդիրներ կան հարստացված ուրանի հարցում:
Սպիտակ տան ղեկավարն էլ նախազգուշացրել է, որ կարող են վերսկսել Իրանի դեմ ռազմական գործողությունները, եթե բանակցությունների արդյունքում լավ գործարք չկնքվի: Դոնալդ Թրամփի խոսքով՝ իրանցի բանակցողները խելացի են և խորամանկ, սակայն բոլոր խաղաքարտերը Վաշինգտոնի ձեռքում են:
Մանրամասները՝ միջազգային տեսաշարում: