Հորդանանում ՀՀ դեսպան Արսեն Առաքելյանը (նստավայրը՝ Քուվեյթ) հանդիպել է Հորդանանի բարձրագույն կրթության և գիտական հետազոտությունների գլխավոր քարտուղար Շադի ալ-Մասադիհին։ Այս մասին հայտնում է դեսպանությունը։
Կողմերը քննարկել են բարձրագույն կրթության ոլորտում երկու երկրների միջև առկա փոխշահավետ համագործակցությունը և նախանշել հետագա զարգացման մի շարք նոր ուղղություններ։
Իր հերթին, դեսպանն առաջարկել է վերլուծել Հայաստանի և Հորդանանի միջև 2021-2026 թթ. գործնական ծրագիրը և նոր ժամանակահատվածի համար քննարկվող փաստաթղթում ներառել կողմերի բարձրաձայնած հարցերի հնարավոր լուծումները։
Շադի ալ-Մասադիհը, հայտնել է իր հանձնառությունը՝ ընդլայնել ՀՀ հետ կրթական համագործակցությունը երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում։
Այնուհետև, Հորդանանի համալսարանում դեսպան Առաքելյանին հյուրընկալել է համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Նասիր Օբեյդաթը։ ՀՀ դեսպանը պրոֆեսոր Օբեյդաթին հայտնել է իր երախտագիտությունը շարիներ շարունակ հայաստանցի ուսանողներին հյուրընկալելու և բարձր մակարդադկի կրթություն մատուցելու համար, ներկայացրել Հայաստանի և Հորդանանի միջև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները։
Կողմերը համաձայնել են քննարկել բուհերի միջև ուղիղ փոխգործակցության խթանման քայլերի հաջորդականությունը և առաջիկայում հանդես գալ համապատասխան առաջարկություններով։
Պրոֆեսոր Օբեյդաթը պատրաստակամություն է հայտնել շարունակել համալսարանական փոխգործակցությունը հայաստանյան բուհերի հետ, որոնք, իրենց հերթին, նպաստում են հայ-հորդանանյան բարեկամական կապերի հետագա ամրապնդմանը։