Շվեդիայում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների գագաթնաժողովի շրջանակում հանդիպել են դաշինքի գլխավոր քարտուղարը և ԱՄՆ պետքարտուղարը:
Մարկ Ռյուտեն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանական ծախսերը մեծապես ավելացել են: Նա շեշտել է ավելի շատ զինամթերք արտադրելու անհրաժեշտությունը: Ռյուտեն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպման օրակարգում է Ուկրաինայի պաշտպանության ամրապնդումը, Իրանի և Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը: Նրա խոսքով՝ Իրանի միջուկային և հրթիռային կարողություններին ԱՄՆ-ի հասցրած հարվածը մեծ նշանակություն ունի Մերձավոր Արևելքի և ամբողջ աշխարհի համար:
Մարկո Ռուբիոն էլ նշել է, որ ՆԱՏՕ-ն պետք է օգտակար լինի մասնակից բոլոր երկրների համար: Նա շեշտել է ավելի սերտ գործակցության անհրաժեշտությունը, մասնավորապես՝ պաշտպանական արդյունաբերության ոլորտում:
Պետքարտուղարը նաև պատմել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում որոշ առաջընթացի մասին: Նրա խոսքով՝ հիմնական հարցերը նույնն են մնում՝ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, իսկ դա ապահովելու համար հարկավոր է հասցեագրել հարստացված ուրանի խնդիրը։ Ռուբիոն նաև անընդունելի է համարել այն, որ Իրանը փորձում է Հորմուզի նեղուցում տուրքերի գանձման համակարգ ներդնել և հորդորում է Օմանին միանալ իրեն այս հարցում: Ռուբիոյի խոսքով՝ դա նախադեպ կստեղծի այլ երկրների համար՝ նմանատիպ տուրքեր սահմանել ռազմավարական կարևոր այլ ջրային ուղիներով անցման համար:
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում: