ԵՄ-ն հնարավոր է համարում Կիևի անդամակցությունը Միությանը մինչև ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումը։ «Իզվեստիա»-ի հետ հարցազրույցում Ուկրաինա-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի ղեկավար Պեկկա Տովերին հայտարարել է, որ այդ գաղափարը մեծ աջակցություն ունի:
Նա նշել է, որ ԵՄ-ն ձգտում է Կիևին ընդունել իր կազմի մեջ, նույնիսկ եթե Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվի բաց հակամարտությունը։ Տովերիի խոսքով՝ եթե դա չարվի, ապա դա Ռուսաստանի համար բացահայտ հրավեր կդառնա՝ շարունակելու հակամարտությունը՝ որպես Արևմուտքի հետ Ուկրաինայի ինտեգրումը կանխելու միջոց։
Պաշտոնյան հավելել է, որ ԵՄ երկրները ներքաշված չեն լինի Մոսկվայի հետ բացահայտ հակամարտության մեջ, քանի որ նրանցից որոշներն անդամակցել են Միությանը՝ ունենալով տարածքային վեճ Ռուսաստանի հետ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն առաջարկել է ԵՄ «ասոցացված անդամի» կարգավիճակ շնորհել Ուկրաինային՝ մինչև լիարժեք անդամակցությունը: Ըստ նրա՝ այդ նախաձեռնությունը կնպաստի ռուս-ուկրաինական բանակցություններին, ինչպես նաև ամբողջ Եվրոպայի անվտանգությանը: