Ընթացիկ տարվա առաջին 4 ամիսներին (հունվար-ապրիլ, 2026 թ.) ՀԷՑ-ի բաշխման ցանցում հոսանքազրկումների միջին տևողությունը կազմել է 57,77 րոպե/բաժանորդ. անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշն է 65,61 րոպե/բաժանորդ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը:
«Ըստ այդմ՝ տվյալ ցուցանիշով այս տարի շուրջ 14%-ով ավելի բարենպաստ վիճակ ենք ունեցել՝ չնայած այն հանգամանքին, որ այս տարվա հունվարը զգալիորեն ավելի ցրտաշունչ է եղել, ինչը հանգեցրել է ցանցում սպառման բեռի՝ ավելի քան 27%-ով աճին, իսկ փետրվարից մինչ օրս նորմայից բազմապատիկ ավելի անձրևառատ եղանակ ունենք, ինչն ուղղակիորեն՝ հոսքաջրերի ներթափանցման հետևանքով, բառացիորեն «կաթվածահար» է անում առանց այդ էլ խիստ վատթար վիճակում գտնվող ՀԷՑ-ի մալուխային ողջ ցանցը, մասնավորապես, մայրաքաղաքի տարածքում։
Այս տարի ՀԷՑ-ի Ներդրումային ծրագրով նախատեսված է վերակառուցել շուրջ 100 կմ մալուխային և մոտ 500 կմ օդային գծեր. անհրաժեշտ նյութերի մեծ մասն արդեն մրցութային գնման գործընթացներով պատվիրված են կամ արդեն իսկ մատակարարված ՀԷՑ-ի պահեստներ։ Կապալի աշխատանքների մեկնարկը նախատեսվում է առաջիկա շաբաթ։
Շնորհակալություն եմ հայտնում ՀԷՑ-ի բոլոր ազնիվ, արհեստավարժ ու պետականակենտրոն աշխատակիցներին, ում քսանչորսժամյա համառ ջանքերի և հանձնառության արդյունքում պետականացման ճանապարհին գտնվող ՀԷՑ-ը պատվով իրականացնում է իր առջև դրված ռազմավարական խնդիրը»։