Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մի տղամարդ, ներկայանալով իբրև Երևանի հաշվառման-քննական բաժնի աշխատակից, առաջարկում է տրամադրել վարորդական իրավունքի վկայական և չարաշահելով տարբեր անձանց վստահությունը՝ խաբեությամբ հափշտակում է գումար։ Նմանատիպ խարդախությունների վերաբերյալ նաև հաղորդումներ էին ստացվել մարտի 20-ին, մայիսի 14-ին և մայիսի 20-ին։
ՆԳՆ ոստիկանության փոխանցմամբ՝ համայնքային ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է վերոհիշյալ անձի ինքնությունը։
Մայիսի 20-ին Երևանի հաշվառման-քննական բաժնի տարածքում 54-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել, տեղափոխվել է Էրեբունու բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։
Ոստիկանությունը հիշեցնում է, որ վարորդական իրավունքի վկայական կարելի է ձեռք բերել բացառապես օրենքով սահմանված կարգով՝ հաջողությամբ հանձնելով տեսական և գործնական քննությունները։ Իսկ ապօրինություններն անխուսափելիորեն հայտնվելու են ոստիկանության տեսադաշտում՝ արժանանալով իրավական գնահատականի։