Մայիսի 20-ին Ռուսաստանի Դաշնության խորհուրդը հաստատել է օրենք, որն ընդլայնում է նախագահի լիազորությունները՝ արտերկրում Ռուսաստանի զինված ուժերը կիրառելու համար։
Օրենքի տեքստը, որն անցյալ շաբաթ միաձայն ստացել էր Պետդումայի աջակցությունը, պետության ղեկավարին իրավունք է տալիս բանակը ներգրավել արտասահմանում «Ռուսաստանի քաղաքացիներին պաշտպանելու համար՝ նրանց ձերբակալման, կալանքի, քրեական և այլ հետապնդումների» դեպքում:
Պետական մարմինները նույնպես կկարողանան ձեռնարկել «անհրաժեշտ միջոցներ»՝ արտասահմանում գտնվող Ռուսաստանի քաղաքացիներին պաշտպանելու համար՝ «իրենց լիազորությունների սահմաններում»։