ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 19-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած ««Ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Ռուստամ Բաքոյանը տեղեկացրել է, որ նախագիծը շրջանառության մեջ դնելուց հետո Կառավարության գործընկերների հետ մի քանի քննարկում է տեղի ունեցել: Կառավարությունը ներկայացրել է առաջարկներ, որոնք հեղինակը մասամբ ընդունել է:
Ըստ հիմնական զեկուցողի՝ անձանց ռեաբիլիտացիոն ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում իրականացվելու է առաջին անգամ: Այդուհանդերձ, հստակ չէ, թե որ մարմինն է համարվում ծրագիրն իրականացնողը:
Քննարկվող նախագծի համաձայն` դա լիազոր մարմնի կողմից հավաստագրված և նրա հետ դրամաշնորհային պայմանագիր կնքած հասարակական կազմակերպությունն է, որն իրականացնում է ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձանց վերականգնողական ծրագիրը:
Հեղինակը նշել է, որ գործող իրավակարգավորումների հստակեցման և ընտանեկան բռնության դեմ արդյունավետ պայքարի համատեքստում անհրաժեշտություն է առաջացել նախատեսել նաև հստակ ժամկետներ: Մասնավորապես առաջարկվում է, որ լիազոր մարմինը երեք աշխատանքային օրվա ընթացքում նախազգուշացման վերաբերյալ ոստիկանության համապատասխան որոշումը փոխանցի իր հետ դրամաշնորհային պայմանագիր կնքած և ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող հասարակական կազմակերպությանը: Վերջինս, որոշումն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին առաջարկելու է ծրագրով նախատեսված ծառայությունները՝ բռնության նոր դրսևորումները կանխարգելելու նպատակով:
Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կընձեռվի ծրագրում ներառել առավել մեծ թվով շահառուների՝ վերջիններիս հոգեբանական և սոցիալական աջակցության տրամադրման, վնասակար սովորույթներից ձերբազատման և ըստ այդմ՝ բռնարարք գործադրած անձանց վարքագծային փոփոխությանը նպաստելու նպատակով:
Հարակից զեկուցող, պատգամավոր Տիգրան Պարսիլյանը կարևորել է առաջարկվող լրացումներով ժամկետների հստակեցումը:
Կառավարության ներկայացուցիչ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն անդրադարձել է Կառավարության ներկայացրած առաջարկություններին:
Լրամշակված նախագիծը ստացել է դրական եզրակացություն: