ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 19-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին»օրենքում լրացումներ կատարելու մասին» և ««Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Օրենսդրական փաթեթի ընդունման անհրաժեշտությունը բխում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ոլորտում առկա իրավական և փաստացի խնդիրներից:
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանի ներկայացմամբ՝ իրականացվել է գործնական խնդիրների մոնիտորինգ, և փորձ է արվել անդրադառնալ գործնականում արձանագրված խնդրահարույց հարցերի լուծմանը: Մասնավորապես՝ բացակայում է կադաստրային քարտեզներում ու պետական գրանցման տվյալներում սխալների բացահայտման և ուղղման միասնական ու հստակ ընթացակարգը: Այս խնդիրները հաճախ հանգեցնում են վարչական ու դատական վեճերի, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման գործընթացի ձգձգումների և իրավական անորոշության:
Առաջարկվող կարգավորումներով կհստակեցվեն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման ժամանակ թույլ տրված և կադաստրային քարտեզներում առկա սխալների հայտնաբերման, ինչպես նաև դրանց իրավաչափ ուղղման հետ կապված հարաբերությունները:
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը կարևորել է նախագծի ընդունման անհրաժեշտությունը և հստակ գործիքակազմերի ապահովումը:
Նանե Ղազարյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ նախատեսվող կարգավորումների վերաբերյալ:
Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն: