Վաշինգտոնը համաձայնել է ժամանակավորապես վերացնել իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները, չի բացառվում նաև դրանց ամբողջական չեղարկումը հակամարտության կարգավորման շրջանակներում, երկուշաբթի հաղորդել է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հաղորդագրությունում չի նշվում, թե արդյոք ԱՄՆ-ն կհամաձայնի նաև դադարեցնել Իրանի ծովային շրջափակումը, որը խոչընդոտում է, մասնավորապես՝ նավթի արտահանումը։
Հակամարտության կարգավորման իրանական առաջարկը ենթադրում է ԱՄՆ բոլոր պատժամիջոցների լրիվ վերացում։ Վաշինգտոնը մինչ այժմ առաջարկել է միայն նավթի նկատմամբ պատժամիջոցների ժամանակավոր չեղարկում մինչև վերջնական կարգավորման համաձայնագրի ձեռքբերումը։
Միաժամանակ Իրանի արտգործնախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին ասել է, որ Թեհրանը շարունակում է բանակցել ԱՄՆ-ի հետ կարգավորման շուրջ, բայց նաև պատրաստ է իրադարձությունների ցանկացած շրջադարձին: Նա ընդգծել է, որ ԱՄՆ սպառնալիքներն ու տնտեսական ճնշումը չեն ազդի Իրանի՝ իր շահերը պաշտպանելու վճռականության վրա։