Իրանը՝ Պակիստանի միջնորդությամբ, ներկայացրել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու նոր ծրագիր՝ հաղորդել է իրանական պետական IRNA լրատվական գործակալությունը: Ամերիկյան կողմը հրաժարվել է մեկնաբանել։
Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Աննա Քելլին AFP-ին ասել է. «Մենք չենք բացահայտում գաղտնի դիվանագիտական բանակցությունների մանրամասները»: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Իրանը «երբեք չպետք է» միջուկային զենք ձեռք բերի՝ հավելելով, որ «բանակցությունները շարունակվում են՝ ԱՄՆ-ի կարճաժամկետ և երկարաժամկետ ազգային անվտանգության շահերն ապահովելու համար»։
The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ խաղաղության նոր առաջարկով Իրանը մեղմացրել է բանակցությունները վերսկսելու՝ ԱՄՆ-ին ուղղված պահանջները: Այդ աղբյուրների համաձայն՝ Թեհրանն առաջարկել է բացել Հորմուզի նեղուցը իրանական նավահանգիստների շրջափակումը վերացնելու հետ միաժամանակ։
Իրանը նախկինում պահանջել էր, որ ԱՄՆ-ը վերացնի շրջափակումը որպես բանակցությունների նախապայման: Նոր առաջարկով Իրանը հայտնել է իր պատրաստակամությունը՝ նաև քննարկելու միջուկային հարցերը՝ ԱՄՆ-ի հարձակումները դադարեցնելու երաշխիքների և ամերիկյան պատժամիջոցները վերացնելու դիմաց՝ հայտնել են WSJ-ի զրուցակիցները:
ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթն էլ հայտարարել է, որ իրանական նավահանգիստների շրջափակումը կշարունակվի մինչև նավարկության ազատության լիակատար վերականգնումը։