Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն, այսօր ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացրել Հայաստանի Հանրապետության դատախազության 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը, որը 2026 թվականի մարտի 31-ին ուղարկվել է ՀՀ Ազգային ժողով և հրապարակվել Դատախազության պաշտոնական կայքէջում:
2025 թվականին ոչ մեծ ծանրության հանցագործությունների համար դատապարտված անձանց թիվը, 2024 թվականի համեմատ, աճել է 1028-ով կամ 15,5%-ով, միջին ծանրության հանցագործությունների համար դատապարտվածների թիվն աճել է 147-ով կամ 10,3%-ով, ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց թիվը նվազել է 29-ով կամ 2,9%-ով, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների համար դատապարտված անձանց թիվը նվազել է 22-ով կամ 14,2%-ով:
Գլխավոր դատախազի խոսքով՝ 2025 թվականին Առաջին ատյանի դատարաններ է ներկայացվել մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին 2559 միջնորդություն, որոնցից ամբողջությամբ բավարարվել է 1566-ը կամ 61,2%-ը, մասնակի բավարարվել՝ 672-ը կամ 26,3%-ը, մերժվել՝ 321-ը կամ 12,5%-ը (2024 թվականին` 2282 միջնորդություն, որոնցից ամբողջությամբ բավարարվել է 1581-ը կամ 69,3%-ը, մասնակի բավարարվել՝ 432-ը կամ 18,9%-ը, մերժվել՝ 269-ը կամ 11,8%-ը): 2023-2025 թվականների ընթացքում արձանագրվել է ինչպես ներկայացված միջնորդությունների, այնպես էլ փաստացի դատարանի կողմից բավարարված միջնորդությունների տեսակարար կշռի նվազման միտում՝ մեղադրյալ ներգրավված անձանց թվի հետ համեմատությամբ:
«Վերջին 8 տարիների միջինացված ցուցանիշների հետ համեմատությամբ՝ 2025 թվականին 2,5%-ով նվազել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու՝ դատարան ներկայացված միջնորդությունների տեսակարար կշիռը՝ մեղադրյալների ընդհանուր թվի համեմատությամբ»,- հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազը: