ԵՄ-ն վճռական քայլ է կատարել՝ Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի վերջնական հաստատման ուղղությամբ: Հարցը մի քանի ամիս չէր լուծվում Հունգարիայի վետոյի պատճառով: ԵՄ անդամ պետությունների մշտական ներկայացուցիչները չորեքշաբթի՝ ապրիլի 22-ին, նախնական հավանություն են տվել լայնածավալ օգնության փաթեթին: Այս մասին հայտարարել է Կիպրոսի Հանրապետության դեսպանը, որը ներկայումս ռոտացիոն կարգով նախագահում է ԵՄ-ում:
Այժմ վարկի տրամադրման հարցը կանցնի գրավոր ընթացակարգ՝ ԵՄ Խորհրդի կողմից վերջնական հաստատման համար։ Ակնկալվում է, որ այն կավարտվի հինգշաբթի`ապրիլի 23-ին: ԵՄ դեսպանների որոշումը հարթեց վարկի վերջնական հաստատման ճանապարհը:
Եվրոպական տնտեսական հարցերով հանձնակատար Վալդիս Դոմբրովսկիսը հայտարարել է, որ Բրյուսելը նախատեսում է առաջին տրանշը տրամադրել մայիսի վերջին կամ հունիսի սկզբին։
Վարկի հաստատումը հնարավոր է դարձել Հունգարիայի խորհրդարանի ընտրությունում «Տիսա» ընդդիմադիր կուսակցության հաղթանակից հետո, որի առաջնորդ Պետեր Մադյարը խոստացել էր չարգելափակել Ուկրաինային տրամադրվող վարկը՝ հավելելով, որ Բուդապեշտը չի նախատեսում մասնակցել միջոցների բաշխմանը։