ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի և Լիբանանի ղեկավարները համաձայնել են հրադադարի ռեժիմին։
«Հիանալի զրույցներ ունեցա Լիբանանի պատվարժան նախագահ Ժոզեֆ Աունի և Իսրայելի վարչապետ Բիբի Նեթանյահուի հետ։ Այս երկու առաջնորդները համաձայնել են պաշտոնապես հայտարարել 10-օրյա հրադադար՝ իրենց երկրների միջև խաղաղության հասնելու շահերից ելնելով», - գրել է Թրամփը իր Truth Social ցանցում։
Հրադադարը կհայտարարվի ԱՄՆ արևելյան ափի ժամանակով ժամը 17:00-ին, որը տեղական ժամանակով կեսգիշերն է։
Թրամփը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգներում տեղի են ունեցել Իսրայելի և Լիբանանի ներկայացուցիչների միջև 34 տարվա ընթացքում առաջին պաշտոնական բանակցությունները, և հայտարարել, որ հանձնարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյին, փոխնախագահ Վենսին և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Ռեյսինին «աշխատել Իսրայելի և Լիբանանի հետ՝ երկարատև խաղաղության հասնելու համար»։
Թրամփը հավելել է, որ կհրավիրի Աունին և Նեթանյահուին Սպիտակ տուն։
Լիբանանում հրադադարն Իրանի պահանջներից մեկն էր ԱՄՆ-ի հետ բանակցություններում։ Այս բանակցությունները սկսվել են Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում, սակայն առաջին հանդիպումն ավարտվել է անհաջողությամբ։
Իսրայելը Լիբանանում պատերազմ է մղում «Հըզբոլլահի» դեմ։
Շարժման պատգամավոր Իբրահիմ ալ-Մուսավին ասել է, որ խմբավորումը կպահպանի հրադադարը, եթե Իսրայելը դադարեցնի իր հարձակումները։
Բենիամին Նեթանյահուն հրավիրել է Իսրայելի ռազմական կաբինետի արտակարգ նիստ։
Ժողովրդին ուղղված տեսաուղերձում Նեթանյահուն ասել է, որ Լիբանանի հետ հրադադարը հնարավորություն է տալիս «պատմական խաղաղության համաձայնագրի» համար, և որ «Հըզբոլլահի» զինաթափումը կմնա Իսրայելի հիմնական պահանջներից մեկը Լիբանանի հետ ապագա խաղաղության բանակցություններում։
Բացի այդ, Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ իսրայելական զորքերը կմնան Լիբանանի հարավում՝ սահմանի մոտ գտնվող տասը կիլոմետրանոց բուֆերային գոտում։