Մոլդովայի խորհրդարանի խոսնակ Իգոր Գրոսուն ապրիլի 17- ին հաստատել է, որ Մերձդնեստրում ռուսական զորքերի օպերատիվ խմբի հրամանատարության մի քանի ներկայացուցիչներ հայտարարվել են անցանկալի անձ, նրանց արգելվել է մուտք գործել երկրի աջափնյա տարածք:
«Ռուսական բանակն անօրինականորեն գտնվում է Մոլդովայի տարածքում: Իշխանությունները դիմել են այդ քայլին, քանի որ զորքերի ներկայությունը «վտանգ է ներկայացնում պետության անվտանգությանը», - լրագրողներին ասել է Գրոսուն:
Նրա խոսքով՝ եթե ցուցակում ընդգրկվածներից որևէ մեկը հայտնվի Դնեստրի աջ ափին, նրան անմիջապես կարտաքսեն: Անցանկալի անձանց ցուցակում են Մերձդնեստրում ռուսական զորքերի օպերատիվ խմբի հրամանատարը, նրա երեք տեղակալը, ինչպես նաև շտաբի պետն ու Տիրասպոլի դաշտային բանկի ղեկավարը։
Ձեռնարկված միջոցները փաստորեն սայմանափակում են զինվորականների տեղաշարժը Մերձդնեստրի տարածքից դուրս: Մոլդովայի աջափնյա հատված մեկնելու ցանկացած փորձ սպաներին սպառնում է արտաքսմամբ՝ առանց վերադառնալու իրավունքի։
Միևնույն ժամանակ, բոլոր ներգրավվածների ընտանիքները զրկվում են մոլդովական բժշկական օգնության հասանելիությունից և հանրապետության իշխանության մարմիններում փաստաթղթեր ձևակերպելու հնարավորությունից: