Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանը, ԱՊՀ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի տնօրեն Անատոլի Իկսանովը, ԱՊՀ երկրների պատվիրակությունների ղեկավարներ, Գործադիր կոմիտեի ներկայացուցիչներ, ջազի սիրահարներ։
Դանիել Դանիելյանը ողջունել է ներկաներին՝ ներկայացնելով ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղերձը, որում կարևորվել է Մեղրին ԱՊՀ երկրների 2026 թվականի մշակութային մայրաքաղաք հռչակելու որոշումը՝ հայկական մշակույթը ներկայացնելու և Մեղրի քաղաքի ենթակառուցվածքների զարգացումը խթանելու տեսանկյունից:
«Այսօր մեկնարկած ծրագրի շրջանակում տարվա ընթացքում իրականացվելու են շուրջ երեսուն միջոցառումներ, որոնց թվում են Արհեստների փառատոնը, Տարազ-ֆեստը, Ժողովրդական երգի-պարի փառատոնը, ԱՊՀ երկրների երիտասարդ կինոգործիչների հանդիպում-փառատոնը, Նռան փառատոնը, Երևանի գրքի արտագնա փառատոնը, ցուցահանդեսներ, նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունների հյուրախաղերը և այլն:
Մշակութային ծրագրերը ընդգրկելու են ոչ միայն Մեղրի քաղաքը, այլև Մեղրի համայնքը՝ Ագարակը և Շվանիձորը, ինչը համահունչ է ՀՀ պետական մշակութային քաղաքականությանը և ռազմավարությանը, այն է՝ մշակութային կյանքի ապակենտրոնացում և մշակույթի հասանելիության ապահովում»,- ասվում է նախարարի ուղերձում։
Նշվել է, որ «Մշակութային մայրաքաղաքներ» ծրագիրն իրականացվում է Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հետ համատեղ, որը կարևոր հարթակ է երկրների միջև բազմակողմ ձևաչափով համագործակցությունը զարգացնելու և խորացնելու համար:
Միջոցառման ընթացքում նշյալ հիմնադրամի տնօրեն Անատոլի Իկսանովը Մեղրի համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեսյանին հանձնել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի հավաստագիրը՝ ի նշանավորումն այդ պատվավոր կարգավիճակի։
Ներկաներին ողջունել է նաև Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը՝ ընդգծելով, որ մշակույթը Սյունիքի մարզի զարգացման կարևոր ուղղություններից է։
Հանդիսավոր բացումը եզրափակվել է գալա համերգով՝ Հայաստանի էստրադային ջազ նվագախմբի կատարմամբ և գիշերային դիսկոտեկով՝ հայ հայտնի դիջեյների մասնակցությամբ:
Համերգը կազմակերպել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը՝ Մեղրու համայնքապետարանի հետ համագործակցությամբ։