ԱՄՆ-ը և Իրանը անուղղակի բանակցություններ են վարում՝ երկարաձգելու երկշաբաթյա հրադադարը, որի ժամկետը լրանում է ապրիլի 22-ին: Պակիստանի բանակի հրամանատարը ժամանել է Թեհրան՝ միջնորդական աշխատանքները շարունակելու համար՝ գրում է The Guardian-ը։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոայն Լևիթը չորեքշաբթի հերքել է, որ ԱՄՆ-ը «պաշտոնապես» խնդրել է երկարաձգել երկշաբաթյա հրադադարը, բայց հավելել, որ Վաշինգտոնը շարունակում է «ակտիվ մասնակցել այդ բանակցություններին»։
Նա ասել է, որ բանակցությունների երկրորդ փուլը «շատ հավանական է»՝ տեղի ունենա Իսլամաբադում, նշել, որ Սպիտակ տունը «գոհ է համաձայնագրի հեռանկարներից»:
Դիտարկումները հնչել են այն ժամանակ, երբ պակիստանցի պաշտոնյաները սկսել են մաքոքային դիվանագիտության նոր փուլ՝ փորձելով պայմանավորվել հակամարտության ավարտի շուրջ: Նրանք մեկնել են Իրան և տարածաշրջանի մյուս երկրներ՝ խաղաղության համաձայնագրի դիվանագիտական աջակցությունն ստանալու համար։
Ֆելդմարշալ Ասիմ Մունիրը չորեքշաբթի գլխավորել է Պակիստանի պատվիրակությունը Թեհրանում՝ Վաշինգտոնի ուղերձը փոխանցելու և ԱՄՆ-Իրան հրադադարի շուրջ բանակցությունների երկրորդ փուլը կազմակերպելու համար: Իսլամաբադի պաշտոնյաները հայտնել են, որ բարձրաստիճան պատվիրակության կազմում էր նաև ներքին գործերի նախարար Մոհսին Նաքվին։
Նույն օրը Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը քառօրյա այցով մեկնել է Սաուդյան Արաբիա, Կատար և Թուրքիա՝ փորձելով խթանել խաղաղության ջանքերը, համակարգելով տարածաշրջանային մյուս տերությունների աջակցությունը։
Տարածաշրջանից ստացված հաղորդագրությունների համաձայն՝ երկու կողմն էլ համաձայն է հրադադարի երկարաձգմանը՝ չնայած Դոնալդ Թրամփը ենթադրում է, որ այն կարող է նույնիսկ անհրաժեշտ չլինել խաղաղության համաձայնության հասնելու համար: