Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ Միացյալ Նահանգներ-Իրան բանակցություններում առաջընթաց է գրանցվել՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Նյու Ջերսիից Վաշինգտոն թռիչքից առաջ։ Նա լրագրողներին ասել է, որ «կարող է լավ նորություններ հայտնել Իրանի վերաբերյալ»: Լրագրողները հետաքրքրվել են՝ արդյոք Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների և՞ս մեկ փուլ կլինի։ «Շատ շուտով Իրանի հետ բանակցություններ կլինեն։ Ես չեմ կարող ասել, թե վաղը ինչ կլինի։ Կարող եմ ասել, որ Իրանի հետ բանակցությունները շատ լավ են ընթանում։ Ես շատ կցանկանայի տեսնել, որ միջուկային համաձայնագիրը կնքվի»,- եզրափակել է Թրամփը։
ԱՄՆ-ի հետ Իրանի միջուկային ծրագրի գլխավոր բանակցող, Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էլ հայտնել է, որ Թեհրանում ուսումնասիրվում են Օմանի արտգործնախարարի կողմից վերջին հանդիպման ընթացքում ներկայացված առաջարկները: Իրանցի դիվանագետի խոսքով՝ օմանական կողմն առաջարկել է խոչընդոտները վերացնելու լուծումներ, որոնք ներկայումս քննարկվում են:
Ավելի վաղ, րատվամիջոցները հայտնել են, որ Հռոմում ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հինգերորդ փուլն ավարտվել է առանց համաձայնության, սակայն կողմերը որոշել են շարունակել բանակցությունները:
Բանակցությունների հինգերորդ փուլից հետո Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել էր, որ իրանական կողմն ակնկալում է լուծել տարաձայնություններ առաջացնող հարցերը ամերիկացի ներկայացուցիչների հետ մեկ կամ երկու հանդիպման ընթացքում։ Նա ընդգծել էր, որ Հռոմում կայացած հանդիպումից հետո Վաշինգտոնը սկսել է շատ ավելի լավ հասկանալ Թեհրանի դիրքորոշումը միջուկային ծրագրի վերաբերյալ։
Մանրամասները՝ տեսանյութում: