Մանրամասն ուսումնասիրեցի զեկույցում ներկայացված թվերը, ծրագրերը և հասկացա, որ այստեղ ներկայացված են պատմական փոփոխություններ: Այդ մասին Ազգային ժողովի՝ ապրիլի 16-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Կառավարության՝ 2025 թվականի ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին տարեկան զեկույցին, որը քննարկվում է խորհրդարանում:
Պատգամավորը ներկայացրեց ոլորտային փոփոխությունները, որոնք արձանագրվել են Հայաստանում՝ ըստ զեկույցում ներառված տվյալների: Նա հիշեցրեց, որ զեկույցում ուղիղ ասվում է՝ Հայաստանն անկախ է, ազատ է, այլևս շրջափակված չէ, ինքնիշխան է, և այս «պատմական պահը» ֆիքսելու, ընկալելու համար, ըստ Հովհաննիսյանի, պետք է տեղափոխվել մի քանի տարի առաջվա Հայաստան՝ համեմատության մեջ տեսնելու, թե ինչ չունեինք, ինչ ունենք հիմա:
Օրինակ, ըստ Արթուր Հովհաննիսյանի, այդ ժամանակ անվտանգության բաժնում պետք է գրված լիներ, որ սահմանները կահավորված են «կոնսերվայի բանկաներով», որ զինվորները «կանգնած են ցեխի մեջ», որ այն, ինչ մատուցվում է զինվորին, «հեռու է սնունդ կոչվածից», որ բնակարանները, որոնց համար հերթագրված են զինվորականները, «մեջ-մեջ են արել, և հերթը չի հասնելու»:
«2025-ի զեկույցում, սակայն, մենք տեսնում ենք պատմական փոփոխություններ: Ես գումարեցի բնակարանային տարբեր ծրագրերով տրված աջակցության ծրագրերի թվերը, և պարզեց, որ 2876 զինվորական ստացել է բնակարան ձեռք բերելուն ուղղված աջակցություն այս կամ այն ձևով»,- ասաց նա՝ միաժամանակ հիշեցնելով, որ զինվորականն այսօր կարող է ստանալ 700 հազար դրամ աշխատավարձ, զինվորականի ծառայությունը կրճատվել է, սահմանին զոհ չկա և այլն:
«Եթե գանք խաղաղության հաստատմանը, ապա վախենամ, որ եթե 2018-ի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը չլիներ, ապա մենք ոչ միայն չէինք ունենա այս ձեռքբերումները, այլև չէինք ունենա ազատություն, անկախություն և ընդհուպ՝ պետականություն:
Ուստի պետք է տե՛ր կանգնենք այս փոփոխություններին, տե՛ր կանգնենք այսօրվա Հայաստանին, տե՛ր կանգնենք խաղաղությանը, որ չհայտնվենք էլի այս զեկույցի հակառակ կողմում, որտեղ կոռուպցիան է, ունեզրկումները, գողությունը և պատերազմը»,- ասաց նա: