ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ «Ուժեղ Հայաստանից» հնչել են Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի ընտրվելու դեպքում մեր տնտեսվարողներին դեմոտիվացնելու հայտարարություններ, մասնավորապես նշվել է, որ եթե իշխող ուժը վերընտրվի՝ տնտեսական պատերազմ է սկսվելու ՌԴ-ի հետ:
«Ես կարծում եմ՝ ձեր նշած բազմաքաղաքացին ինքն իր մասին է խոսել, երբ խոսել է աղքատացման մասին: Ես կանխատեսել եմ և պնդում եմ իմ կանխատեսումը, որ նա մինչև տարվա վերջ աղքատանալու է, որովհետև իրենցից մեծ-մեծ պարտավորությւոններ է ստանձնել: Այդ պարտավորությունները չկատարելու արդյունքում իր այսպես ասած նոմինալ ունեցածն իր ձեռքից առնվելու է»,- ի պատասխան նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ փորձ է արվում հրահրել Հայաստանի Հանրապետություն-Ռուսաստանի Դաշնություն կոնֆլիկտ՝ այդ կոնֆլիկտի վրա ձեռքերը տաքացնելու համար: «Ես անհնար եմ համարում այդպիսի բանը: Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, քան եղել է: Նայե՛ք Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպման դինամիկաները և համեմատեք նախորդող շրջանի հետ՝ հանդիպումների, հեռախոսազրույցների, շփումների, այցերի և այլնի դինամիկան: Ընդ որում, այս ձևաչափով ես լիարժեք նույն ձևի աշխատանքային կապի մեջ եմ Ռուսաստանի նախագահի և ՌԴ կառավարության ղեկավարի հետ, որը առանձնահատուկ բովանդակություն է տալիս»,- նշեց Փաշինյանը:
Վարչապետի համոզմամբ՝ այն մարդիկ, ովքեր փորձում են սադրանքներ անել, նրանք ցանկանում են ԵԱՏՄ-ն կաթվածահար անել: «Ես ուզում եմ հիշեցնել, որ մենք ԵԱՏՄ 5 երկրներից մեկն ենք, ով որոշումներ է կայացնում: Այդ մարդիկ, ովքեր այդպիսի սադրանքներ են անում, իրենք ուզում են ԵԱՏՄ-ն որպես կազմակերպություն պարզապես ոչնչացնել: Մեկ է՝ չեն փրկի իրենց ունեցվածքը, այնպես որ ավելի լավ է, որ ԵԱՏՄ-ն սադրանքների մեջ չներքաշեն: Ես ասում եմ՝ մենք Ռուսաստանի Դաշնության հետ չենք վիճել, չենք վիճում, չենք վիճելու:
Բոլոր մեզ հակադրությունների մեջ ներքաշելու փորձերը, կլինի դա տնտեսական, քաղաքական, որևէ, սին են: Որևէ մեկին չի հաջողվելու դա մեզ անել, որովհետև մենք առաջնորդվում ենք մեր երկրի շահերով, իսկ մեր երկրի շահերից է բխում, և ի միջի այլոց բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականությունը ենթադրում է, որ մենք պետք է լավ հարաբերություններ պահպանենք ՌԴ-ի հետ, և մենք այդ լավ հարաբերությունները պաշտպանում ենք, և էլի ուզում եմ ասել, ես ՌԴ կատարած իմ վերջին այցը համարում եմ շատ հաջող: Մենք շատ երկար և մանրամասն քննարկումներ ենք ունեցել և ձեռք ենք բերել այնպիսի ռազմավարական նշանակության պայմանավորվածություններ ամենատարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու, որի արտահայտությունն առաջիկայում մենք կտեսնենք: Իսկ նրանք, ովքեր ուզում են խաթարել Հայաստան-Ռուսաստան բարեկամությունը և եղբայրությունը, այդ մարդիկ պարզապես иностранный агент են:
Այդ մարդիկ 60 երկրի քաղաքացիություն ունեն, մի հատ էլ հայտարարում են, թե իրենք քաջաբար սկսում են հրաժարվել քաղաքացիությունից: Մինչև հրաժարվեն, մի 30 տարի կտևի, որովհետև աշխարհում երկիր չկա, որի քաղաքացի չեն: Այդ մարդիկ բառիս բուն իմաստով ինոագենտ են և գործում են այդ թվում Հայաստան-Ռուսաստան բարեկամության դեմ, ԵԱՏՄ շահերի դեմ և ուզում են կաթվածահար անել կազմակերպությունը: Մենք թույլ չենք տալու, որ կաթվածահար անեն կազմակերպությունը:
Ես բոլորին կոչ եմ անում չտրվել այդ սադրանքներին: Մյուս կողմից՝ բազմաքաղաքացու աղքատացման պրոցեսին, հիմա արդեն ցավում եմ, բայց ոչ մի բանով օգնել չենք կարող: Բայց հիմա մենք սոցիալական շատ լավ ծրագրեր ունենք, և երբ արդեն լինի միայն ՀՀ քաղաքացի, կարծում եմ և՛ առողջության ապահովագրությունը, և՛ սոցիալական մյուս ծրագրերից լիարժեք օգտվելու հնարավորություն կունենա»,- ասաց վարչապետը: