Ապրիլի 14-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխի համանախագահությամբ տեղի է ունեցել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026թթ. Գործողությունների ծրագրի միջգերատեսչական կոմիտեի ամփոփիչ նիստը: Այս մասին հայտնում է ԱԳՆ-ն։
Հանդիպմանը հաջորդել է Գործընկերություն հանուն լավ կառավարման՝ Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության համատեղ նախաձեռնության 2023-2027թթ. Հայաստանի ծրագրի հերթական նիստը։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր խոսքում բարձր է գնահատել Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև ձևավորված համագործակցությունը՝ ընդգծելով Գործողությունների ծրագրի դերը Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ամրապնդման գործում։
Նիստերի ընթացքում ամփոփվել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026թթ. Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը, քննարկվել են Գործընկերություն հանուն լավ կառավարման 2023-2027թթ. Հայաստանի ծրագրի կատարման առաջընթացն ու առաջիկա նախագծերը։ Արձանագրվել են դրական արդյունքներ արդարադատության, կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի, կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, խտրականության դեմ պայքարի, կենսաբժշկության, քրեակատարողական հիմնարկներում առողջապահության բարելավման, պրոբացիոն համակարգի զարգացման, տեղական ինքնակառավարման զարգացման և մի շարք այլ ոլորտներում։
Գործողությունների ծրագրի ամփոփումից հետո մասնակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2027-2030թթ. Գործողությունների ծրագրի մշակման մեկնարկի վերաբերյալ՝ հաշվի առնելով համապատասխան գերատեսչությունների կողմից ներկայացված կարիքներն ու առաջնահերթությունները, ՀՀ կառավարության նախաձեռնած ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի համապատասխան մարմինների եզրակացություններն ու առաջարկությունները։
Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության, ներառականության խթանման, բարեվարքության և պատշաճ կառավարման խրախուսման, ինչպես նաև ժողովրդավարական հաստատությունների հզորացման ու դիմակայունության ապահովման կարևորությունը հաջորդ Գործողությունների ծրագրի մշակման հարցում: Առանձնահատուկ ուշադրություն է հրավիրվել ՀՀ փորձագիտական կարողությունների ամրապնդման կարևորությանը:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պետական գերատեսչությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության մի շարք ներկայացուցիչներ: