Եկեք մի պահ ընդունենք, որ Սամվել Կարապետյանի ելույթը վերջին հանրահավաքին իրական էր: Անկեղծ եմ ասում՝ 50/50 է, կասկածում եմ, որովհետև անբնական է, բայց եթե բնական է, ստացվում է՝ մարդը 1 հատ ելույթը ձայնագրել է 20 դուբլից: Նախադասություն առ նախադասություն էր ձայնագրել, ուժեղ բանակցելը ո՞նց է անելու: Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Սամվել Կարապետյանի վերջին ելույթին՝ նման կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Այս համատեքստում անդրադառնալով Սամվել Կարապետյանի՝ բանակցելու ունակություններին, Ռուբինյանն ընդգծեց. «Սամվել Կարապետյանը գնալու է, 20 դուբլի՞ց է բանակցելու: Գնալու է, ասելու է՝ здравствуйте, многоуважаемый էսինչ, հետո նորից է ասելու... Հա՞, դուբլերո՞վ են անելու:
Հաջորդը. հասկանում եք, չէ՞, որ այդ մարդու ամենապարզ և պրիմիտիվ՝ խոսելու ունակությունը կասկածի տակ է: Ուժեղ առաջնորդի խոսելու ունակությունը… Ընդ որում՝ ոչ միայն հայերենով, [այլև] հայերենով, ռուսերենով, ճապոներենով, հունարենով: Կիպրոսի քաղաքացի է, չգիտեմ՝ հունարեն գիտի-չգիտի: Գուցե հունարենից է մարդն ուժեղ, թող հունարեն ելույթ ունենա, որ իմանանք՝ մարդն ուժեղ է:
Բայց ինքնին այս հարցն է կասկածի տակ. ինքը ո՞նց է բանակցելու: Ես վստահ չեմ, որ ինքը կարող է բանակցել որևէ մեկի հետ»,- ասաց նա՝ կասկածի տակ դնելով նաև Սամվել Կարապետյանի՝ լրագրողների հարցերին պատասխանելու կարողությունը: