Անցյալ շաբաթավերջին Իսլամաբադում իրանցի պաշտոնյաների հետ բանակցությունների ժամանակ ԱՄՆ պաշտոնյաները պնդել են, որ Թեհրանը դադարեցնի ուրանի հարստացումը 20 տարով, սակայն մերժում են ստացել՝ հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին։
Երկու բարձրաստիճան իրանցի և մեկ ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ երկուշաբթի ուղարկված պաշտոնական պատասխանում իրանցիները նշել են, որ կհամաձայնվեն մինչև հինգ տարի ժամկետի հետ։
Աղբյուրներից մեկի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ մերժել է այդ առաջարկը։
Ամերիկացի պաշտոնյան պարբերականին հայտնել է նաև, որ ԱՄՆ-ն Իրանին առաջարկել է երկրից հանել բարձր հարստացված ուրանը: Իրանցիները, սակայն, պնդել են, որ վառելիքը մնա երկրի ներսում։ Միևնույն ժամանակ, նրանք առաջարկել են զգալիորեն նոսրացնել այն, որպեսզի ոչ պիտանի դառնա միջուկային զենքի արտադրության համար:
Պարբերականի տեղեկություններով՝ քննարկվում է նաև երկու երկրների պաշտոնյաների միջև անձնական հանդիպումների ևս մեկ փուլ անցկացնելու հնարավորությունը։
Bloomberg-ի աղբյուրների համաձայն՝ նպատակն է նոր բանակցությունները վարել մինչև ապրիլի 7-ին հայտարարված հրադադարի երկշաբաթյա ժամկետի ավարտը: Իսլամաբադից բացի, քննարկվում է նաև հանդիպումը Թուրքիայում կամ Եգիպտոսում անցկացնելու հնարավորությունը: