Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիայի կառավարությանը տեղեկացրել է «Իմամօղլուն ընդդեմ Թուրքիայի» բողոքի մասին և կառավարությանն ուղղել իր հարցերը, հայտնում է Euronews-ը:
ՄԻԵԴ-ը քննում է Ստամբուլի նախկին քաղաքապետ և ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի ներկայացրած բողոքը՝ կապված մինչև դատավարությունն իրեն կալանքի տակ պահելու հետ: Իմամօղլուն ձերբակալվել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, կաշառք ստանալու, պետական մրցույթներին միջամտելու և անձնական տվյալների ապօրինի ձեռքբերման կասկածանքով:
ՄԻԵԴ ուղարկած իր բողոքում Իմամօղլուն պնդել է, որ գործում բացակայում են իր նկատմամբ «հիմնավոր կասկածներ» առաջացնող կոնկրետ ապացույցները, և որ ձերբակալման օրդերները տրվել են առանց հիմնավորման ու տպագիր հայտարարությունների միջոցով: Հայցորդը պնդել է, որ Սահմանադրական դատարանում գործի քննության գործընթացը գերազանցում է ողջամիտ ժամկետը, և պնդել, որ իր ձերբակալության հիմնական նպատակը քաղաքական է, քանի որ այն տեղի է ունեցել նախագահի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հայտարարելուց անմիջապես հետո: Ըստ Իմամօղլուի՝ նպատակն էր խափանել իր ընտրարշավը, ինչը խախտում է ազատ ընտրությունների իրավունքը։
Դատարանը Թուրքիայի կառավարությանը խնդրել է տրամադրել հետաքննության նյութերի ամբողջական պատճենը և գործում պարունակվող ամբողջ տեղեկատվությունն ու փաստաթղթերը, նաև հարցեր է ուղղել Թուրքիային՝ քննարկվող դիմումի վերաբերյալ: