Ստամբուլի նախկին քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի՝ կոռուպցիայի մեղադրանքով դատավարությունը նախատեսված է սկսել 2026 թվականի մարտի 9-ին և կարող է տևել 12 տարի վեց ամիս՝ գրում է Cumhuriyet թերթը։
Գործում ներգրավված է 105 մեղադրյալ՝ ավելի քան 400 վկայով։ Թերթը նշել է, որ դատավարությունը կտևի 4600 օր, այն տեղի կունենա Ստամբուլի Սիլիվրի շրջանի բանտի տարածքում, որտեղ պահվում է Իմամօղլուն։ Նա նախկինում կոչ էր արել իշխանություններին՝ դատական նիստը ուղիղ հեռարձակել պետական հեռուստատեսությամբ։
Իմամօղլուն մեղադրվում է հանցավոր կազմակերպություն ստեղծելու, կաշառակերության, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների լվացման, պետական հիմնարկներին և կազմակերպություններին վնաս պատճառելու, ինչպես նաև անձնական տվյալների հետ կապված մի շարք իրավախախտումների, քրեական գործերով ապացույցներ թաքցնելու, մրցույթների անցկացման շրջանակում դավադրության համար: Մեղադրող կողմը պահանջել է մինչև 2352 տարվա ազատազրկում։
Իմամօղլուի ձերբակալությունից հետո Թուրքիայում բռնկվել է ընդդիմության կազմակերպած բողոքի ցույցերի ալիք, ամենախոշորները տեղի են ունեցել Ստամբուլում, Անկարայում և Իզմիրում: Ընդդիմադիր ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Օզգյուր Օզելը նախկինում հայտարարել էր, որ կուսակցությունը հավաքել է ավելի քան 20 միլիոն ստորագրություն՝ ի պաշտպանություն Իմամօղլուի ազատ արձակման և ընդդիմության կողմից նախագահի պաշտոնում նրա թեկնածության առաջադրման: