Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իսլամաբադում նախատեսված բանակցություններին ընդառաջ Վաշինգտոնն արդեն խախտել է Իրանի 10 կետանոց առաջարկի երեք հիմնական դրույթները:
«Խախտվել է հրադադարը Լիբանանում: Իրանի օդային տարածք անօդաչու թռչող սարք է ներթափանցել: Ուրանի հարստացման՝ Իրանի իրավունքը չի ճանաչվում։ Նման իրավիճակում երկկողմ հրադադարը կամ բանակցություններն անհիմն են»,- նշել է Ղալիբաֆը։
Իրանի արտգործնախարարն էլ ԱՄՆ-ին կոչ է արել ընտրություն կատարել՝ հրադադար պահպանել կամ Իսրայելի միջոցով շարունակել պատերազմը: Նա դատապարտել է Լիբանանին Իսրայելի հարվածները, որոնց հետևանքով վերջին ժամերին երկրում 200-ից ավելի մարդ է զոհվել, 1000-ից ավելին՝ վիրավորվել:
Անդրադառնալով Լիբանանի շուրջ իրավիճակին՝ ԱՄՆ փոխնախագահը հայտարարել է՝ հրադադարը չի վերաբերում Լիբանանին:
«Իրանցիները կարծում են, թե հրադադարը տարածվում է նաև Լիբանանի վրա, բայց մենք նման բան երբեք չենք խոստացել։ Թյուրըմբռնում է տեղի ունեցել։ Եթե Իրանը դուրս գա բանակցություններից Լիբանանի պատճառով, դա հիմարություն կլինի, բայց ընտրությունը նրանցն է: Իրանցիները պետք է անեն հաջորդ քայլը, հակառակ դեպքում կվերադառնանք պատերազմին։ Նախագահ Թրամփը հայտարարել է պատժամիջոցների թուլացման, տնտեսական գործընկերության և այլնի մասին։ Սակայն դա տեղի չի ունենա, եթե Իրանը չպարտավորվի դադարեցնել ցանկացած գործողություն, որը կարող է հանգեցնել միջուկային զենքի մշակմանը»,- ասել է Վենսը։
Բենիամին Նեթանյահուն էլ կրկնել է՝ ողջունում են ԱՄՆ-Իրան հրադադարը, սակայն վճռական են՝ վերացնելու լիբանանյան Հըզբոլլահ շարժումը:
«Մենք դեռ նպատակներ ունենք: Դրանց կհասնենք կամ գործարքի, կամ պատերազմի միջոցով: Պատրաստ ենք վերսկսել պայքարը ցանկացած պահի։ Այս ընթացքում մեծ հաջողությունների ենք հասել: Իսրայելն այժմ ավելի ուժեղ է, քան երբևէ, իսկ Իրանը՝ ավելի թույլ, քան նախկինում։ Հարստացված ուրանն էլ Իրանից դուրս կբերվի կամ խաղաղ միջոցներով, կամ պատերազմով»,- նշել է Նեթանյահուն: