ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ապրիլի 8-ին մասնակցել է Երևանում կազմակերպված Doing Digital Forum 2026-ին (DDF26), որն այս տարի անցկացվում է «Միավորելով պլատֆորմներն ու տնտեսությունները» խորագրով։ Այս մասին տեղեկացնում են նախարարությունից:
Նախարար Հայրապետյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ ընդգծելով, որ վստահության հիմքով թվային հասարակության և տնտեսության ձևավորումը ՀՀ կառավարության համար ռազմավարական առաջնահերթություն է։ Նախարարը նշել է, որ ազգային երկարաժամկետ կենսունակության բարձրացման և տնտեսության շարունակական զարգացման համար չափազանց կարևոր է ունենալ բաց, որակյալ և ապահով տվյալներ, ենթակառուցվածքներ ու վստահության միջավայր։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին այս համատեքստում արդեն իսկ իրականացվում են լայնածավալ բարեփոխումներ. «Ամպայինն առաջինը», «Տվյալը՝ մեկ անգամ», բաց տվյալների քաղաքականություն, ոլորտը կարգավորող նոր օրենսդրություն և այլն։
Մխիթար Հայրապետյանը կարևորել է նաև թվային կերպափոխման և տեխնոլոգիական ոլորտի սերտ փոխկապակցվածությունը՝ նշելով, որ այս թվայնացման օրակարգը կարող է դառնալ պահանջարկ ստեղծող մի յուրօրինակ շարժիչ ամբողջ տեխնոլոգիական ոլորտի համար՝ խթանելով նորարարությունը։
Արդեն չորրորդ տարին անցկացվող ֆորումը համախմբում է ոլորտի առաջատար մասնագետների լայն շրջանակ, իսկ քննարկումները ընդգրկում են արհեստական բանականության, ֆինանսների և տեխնոլոգիաների փոխկապակցված զարգացումը, կարգավորումների կատարելագործումը և գլոբալ շուկաների ինտեգրումը։ Այն միտված է խթանել միջազգային համագործակցությունը և զարգացնել ֆինանսական ու տեխնոլոգիական էկոհամակարգերի միջև կապերը։