Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի միջև ժողովրդավարական համագործակցության զարգացման ծրագրի շրջանակում ապրիլի 7-8-ը Հայաստանում է Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի աշխատանքային խումբը, որի ղեկավարը ՇԹ Ռիկսդագի երրորդ փոխխոսնակ Կերստին Լունդգրենն է: Պատվիրակության կազմում է նաև ՇԹ Ռիկսդագի նախագահի առաջին տեղակալ Քենեդ Ֆորսլունդը: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Հայկական կողմից աշխատանքային խմբի ղեկավարը ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն է:
Ծրագրի նպատակն է զարգացնել ժողովրդավարական ինստիտուտները և տարածել ժողովրդավարական արժեքները: Համագործակցության առանցքը խորհրդարանականների միջև փորձի փոխանակումն է, շփումների ակտիվացումը, միջխորհրդարանական կապերի զարգացումը:
Այցի ընթացքում կողմերը քննարկումներ են ունեցել «Խորհրդարան/պատգամավորների և հասարակական կազմակերպությունների միջև հարաբերություններ», «Խորհրդարանի դերն անվտանգության հարցերում», «Դատական համակարգի, դատարանների դերը» և «Գենդերային հավասարությունը խորհրդարանում» թեմաներով:
Հյուրերը հանդիպել են ՀՀ ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանի և ՀՀ ՍԴ նախագահ Արման Դիլանյանի հետ: