Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Լիոնում մասնակցում է Ֆրանսիայի կառավարության կողմից կազմակերպած բարձր մակարդակի «Մեկ առողջություն» միջազգային գագաթնաժողովին: Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:
Միջազգային փորձի փոխանակմանն ու ջանքերի մեկտեղմանն ուղղված գագաթնաժողովի նպատակն է խթանել մարդու, կենդանիների և էկոհամակարգերի առողջության փոխկապակցվածությունը:
«Կենսաբազմազանության պաշտպանությունը մեր ապագայի կայունության և առողջության հիմնարար նախապայմանն է։ Առողջությունն ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ է, և մեր պարտքն է ներկա և ապագա սերունդների համար ապահովել կայուն և անվտանգ միջավայր։
Հայաստանը պատրաստ է համագործակցել միջազգային բոլոր գործընկերների հետ՝ այս սկզբունքները վերածելու չափելի և գլոբալ արդյունքների»,- ելույթում նշել է Անահիտ Ավանեսյանը:
Նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է հանրային առողջության ոլորտում Հայաստանի մոտեցումներն ու իրականացվող բարեփոխումները:
Գագաթնաժողովին քննարկվել են կենսաբազմազանության պաշտպանության, հակամանրէային դիմադրության, կայուն սննդային համակարգերի զարգացմանն ուղղված աշխատանքների անհրաժեշտությունը: Գագաթնաժողովի շրջանակում նախարարը մասնակցել է երկկողմ և բազմակողմ ձևաչափով մի շարք հանդիպումների, որոնք կնպաստեն համագործակցության նոր հնարավորությունների ձևավորմանն ու ընդլայնմանը։
«Մեկ առողջություն» խորագրով գագաթնաժողովը բացառիկ հնարավորություն է վերաձևակերպելու գլոբալ ինստիտուցիոնալ համակարգերը և ձևավորելու միասնական «մեկ առողջության» մշակույթ։ Հայաստանն այս հարթակը դիտարկում է որպես գործողություններին ուղղված բազմակողմ համագործակցության կարևոր խթան և լիովին հանձնառու է այս օրակարգին: