ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի և հակամարտության կարգավորման վերաբերյալ առաջիկա բանակցությունների ֆոնին, խոստացել է «ոսկե դարի սկիզբ» Մերձավոր Արևելքում։
«Մեծ օր համաշխարհային խաղաղության համար։ Իրանը ցանկանում է, որ դա տեղի ունենա, ինչպես բոլորը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները կօգնի Հորմուզի նեղուցի ապաշրջափակման հարցում։ Կձեռնարկվեն բազմաթիվ դրական գործողություններ։ Մեծ գումարներ կաշխատեն։ Իրանը կարող է սկսել վերականգնման գործընթացը։ Սա կարող է լինել ոսկե դար Մերձավոր Արևելքի համար»,- գրել է Թրամփը Truth Social-ում։
Նա նշել է, որ ԱՄՆ-ն «տեղում կլինի՝ համոզվելու համար, որ ամեն ինչ լավ է ընթանում»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը պատրաստակամություն էր հայտնել բանակցել Թեհրանի հետ՝ փոխանցված առաջարկների հիման վրա և ասել էր, որ երկու շաբաթով կդադարեցնի Իրանին հարվածները՝ «պայմանով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը համաձայնի Հորմուզի նեղուցի լիարժեք, անհապաղ և անվտանգ բացմանը»։
Ենթադրվում է, որ Միացյալ Նահանգների ու Իրանի միջև բանակցությունների առաջին փուլը կանցկացվի ապրիլի 10-ին` Պակիստանի մայրաքաղաքում։ CNN-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, հաղորդում է, որ հավանաբար միջոցառմանը կմասնակցեն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և Թրամփի փեսա Ջարեդ Քուշները։