Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) Նովոռոսիյսկի նավահանգստում հարվածել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի «Ադմիրալ Մակարով» ֆրեգատին՝ Telegram-ում հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի անվտանգության ծառայության հրամանատար Ռոբերտ Բրովդին։ «Ադմիրալ Մակարովը» կրում է «Կալիբր» թևավոր հրթիռներ։ ԱԹՍ-ն նաև հարվածել է «Սիվաշ» լողացող հորատման կայանին։
Իր հերթին, Կրասնոդարի Երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևը հայտնել է, որ ապրիլի 6-ին տարածաշրջանը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակումների։ Իրավիճակն առավել լուրջ է Նովոռոսիյսկում, որտեղ, ըստ Կոնդրատևի, ԱԹՍ-ի հարձակումից վնասվել են վեց բնակելի շենք և երկու մասնավոր տուն, կան տուժածներ։
Ըստ Astra Telegram ալիքի էլ՝ ուկրաինական հարձակումների հետևանքով վնասվել է քաղաքի «Շեսխարիս» նավթային տերմինալը, որն, ինչպես նշում է The Moscow Times առցանց պարբերականը, «Տրանսնեֆտի» մաս է կազմում և Ռուսաստանի հարավում գտնվող նրա խողովակաշարերի վերջնակետն է: «Դրա հզորությունը կազմում է 3.5-4.5 միլիոն տոննա հում նավթ (մոտավորապես 1 միլիոն բարել օրական կամ ամսական 35-40 խոշոր լցանավ), որն ապահովում է Ռուսաստանի ծովային արտահանման մինչև 20%-ը։ Այն իրականացնում է ոչ միայն հում նավթի, այլև մազութի և դիզելային վառելիքի առաքում»։ Այս տերմինալի վրա հարձակման մասին տեղեկատվությունը հաստատել է նաև Bloomeberg գործակալությունը՝ NASA-ի արբանյակային լուսանկարների հիման վրա: