Պակիստանն ԱՄՆ-ին և Իրանին է հանձնել երկփուլային նախագիծը՝ անհապաղ հրադադարի և հակամարտության վերջնական կարգավորման վերաբերյալ բանակցությունների մասին՝ երկուշաբթի հաղորդել է Pakistan Today-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Թեհրանը և Վաշինգտոնը ստացել են «Իսլամաբադի համաձայնագիր» անվանումով ծրագիրը։ Առաջարկը նախատեսում է երկփուլային գործընթաց, որը ներառում է անհապաղ հրադադար, որին կհաջորդեն բանակցություններ և վերջնական համաձայնագիր»,- գրում է թերթը։
Որոշ հաղորդագրությունների համաձայն՝ Պակիստանի բանակի շտաբի պետ Ասիմ Մունիրը կապի մեջ է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ: Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ից հայտնել էին, որ պատասխան են պատրաստել հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկներին և դրա մասին կհայտարարեն, երբ նման անհրաժեշտություն առաջանա: