Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին արդեն այսօր պետք է որոշում կայացնի Դոնբասից ուկրաինական զորքերը դուրս բերելու վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինչ վերաբերում է երկու ամսվան, ապա խոսքն այստեղ երկու ամսվա մասին չէ։ Զելենսկին այսօր արդեն պետք է որոշում կայացնի Դոնբասից և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության վարչական սահմաններից ուկրաինական զորքերը հեռացնելու մասին», - ասել է նա։
Զելենսկին հայտնել է, որ Մոսկվան ամերիկյան կողմի միջոցով փոխանցել է, որ Ուկրաինան պետք է երկու ամսից դուրս գա Դոնբասից, հակառակ դեպքում Ռուսաստանը «կգրավի» այն, և այդ ժամանակ պայմաններն այլ կլինեն։
Պեսկովն ընդգծել է, որ Դոնբասից ուկրաինական զորքերի դուրսբերման անհրաժեշտության մասին բազմիցս խոսվել է, և «տեսականորեն, Զելենսկին դեռ երեկ պետք է պատասխանատվություն ստանձներ և կայացներ այդ բարդ որոշումը, որը կարող է փրկել բազմաթիվ մարդկանց կյանքեր և, ամենակարևորը՝ օգնել կանգնեցնելու այս պատերազմի թեժ փուլը»։