Կրեմլը հերքել է այն տեղեկությունները, որ նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրել է առաջատար գործարարներին գումար նվիրաբերել՝ Ռուսաստանի ֆինանսները կայունացնելու համար, Ուկրաինայում շարունակվող պատերազմի պայմաններում՝ հայտնում է Reuters-ը։
Անանուն աղբյուրներին հղում անելով՝ տեղեկությունները հրապարակել են ռուսական անկախ The Bell պարբերականն ու Financial Times-ը, այն բանից հետո, երբ Պուտինը հինգշաբթի փակ հանդիպում է ունեցել բիզնեսի ներկայացուցիչների հետ։
«Ճիշտ չէ, որ Պուտինը նման խնդրանք է ներկայացրել»,- լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Միաժամանակ նա ասել է, որ հանդիպման մասնակիցներից մեկը ցանկություն է հայտնել «շատ մեծ գումար» նվիրաբերել պետությանը։
«Այդ մարդն ասել է, որ ներկա գործարարների մեծ մասը բիզնեսը սկսել է 1990-ականներին, և նրանց գործի սկիզբը ինչ-որ կերպ կապված է պետության հետ: Ուստի նրանցից շատերն իրենց պարտքն են համարում ներդրում կատարել»,- պարզաբանել է Պեսկովը, բայց չի նշել այդ գործարարի անունը:
«Դա բացարձակապես նրա նախաձեռնությունն էր, ոչ թե Պուտինի՝ չնայած նախագահն այն ողջունել է»,- հավելել է Պեսկովը, նաև ճշտել, որ պատերազմի համար գումար հատկացնելու մասին պնդումը չի համապատասխանում իրականությանը:
Ավելի վաղ գործարարների հետ հանդիպումը լուսաբանող The Bell-ը հայտնել էր, որ Պուտինը քննարկել է ռազմական գործողությունների ֆինանսավորումն ու հայտարարել, որ Ռուսաստանը կշարունակի պայքարն այնքան ժամանակ, քանի դեռ չի գրավել Արևելյան Դոնբասի մնացած անվերահսկելի շրջանները: Պարբերականը նաև տեղեկացրել էր, որ միլիարդատեր Սուլեյման Քերիմովն է հանդիպման ժամանակ խոստացել նվիրաբերել 100 միլիարդ ռուբլի (1,23 միլիարդ դոլար):
Այս ամսվա սկզբին աղբյուրները Reuters-ին հայտնել էին, որ կառավարությունը պատրաստում է տարեկան բյուջեում բոլոր «ոչ էական» ծախսերը կրճատել 10%-ով, սակայն վերջնական որոշումը կախված կլինի նավթի գների աճի կայունությունից: