Ես ՀՀ վարչապետն եմ, բայց ես հաշիվ եմ ինձ տալիս, թե ինչ պետություն են ՌԴ-ն, ԱՄՆ-ը, ինչ պետություն են Ֆրանսիան, Գերմանիան, ինչ է ԵՄ-ն: Սովորաբար ես եմ իրենցից հանդիպում խնդրում, ոչ թե հակառակը, և դա նորմալ է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետը՝ անդրադառնալով Փաշինյան-Պուտին վերջին հեռախոսազրույցը նախաձեռնելուն և մինչև խորհրդարանական ընտրություններ ՌԴ նախագահի հետ հանդիպելու վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու հնարավորությանը:
«Հա՛, ես խնդրել եմ հանդիպել, ու դա ինձ համար բացարձակապես ո՛չ ամոթ է, ո՛չ նվաստացուցիչ է: Ինչքան հանդիպումներ եղել են, չեմ հիշում այլ նախաձեռնությամբ լինեն, մի քիչ էլ երկրների քաշային կարգի… Այսինքն՝ ՌԴ նախագա՞հը պիտի ինձնից հանդիպում խնդրի. պարզ է՝ ե՛ս պիտի խնդրեմ, ո՞վ պիտի խնդրի: Կամ Ֆրանսիայի նախագա՞հը պիտի հանդիպում խնդրի. ե՛ս պիտի խնդրեմ, ինչքան էլ ջերմ անձնական [հարաբերություններ լինեն]: Ե՛ս պիտի խնդրեմ հանդիպում, որովհետև հակառակ կերպ մտածել նշանակում է իրականության զգացումը կորցնել: Այդ հանդիպումները, պնդում եմ, մեր երկրի շահերին վերաբերող հարցեր քննարկելու համար են»,- ասաց նա:
Հարցին՝ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի ժամանակ բարձրաձայնվե՞լ է «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիան շտապ երրորդ կողմի փոխանցելու հարցը, քանի որ այն ղազախական ընկերության փոխանցելու վերաբերյալ քննարկվումներ կան, վարչապետը հույս հայտնեց, որ այդ հարցին գործընկերային լուծում կտրվի:
«Դեմ չենք լինի, եթե պարզվի, որ մեր և Ռուսատանի միջև կա փոխադարձ ըմբռնում, որ ղազախական ընկերությունը երկուսիս համար էլ ընդունելի է…
Այնպես չէ, որ ՌԴ գործընկերների հետ նստում-քննարկում ենք… որովհետև ՌԴ գործընկերները դեռ չեն ասել՝ լա՛վ, համաձայն ենք, եկեք այդպես անենք: Նկատի ունեմ՝ քննարկումն այլ ռեժիմ է, բայց նման գաղափարներ կան թևածող»,- ասաց նա: