Ես չեմ ասել և չեմ ասում, որ արցախցիները փախել են, ես ասում եմ, որ Ղարաբաղի այսպես կոչված էլիտան է փախել. դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես Ղարաբաղի ժողովրդին ոչ մի բանում ո՛չ մեղադրել եմ, ո՛չ մեղադրում եմ, ո՛չ էլ կմեղադրեմ։ Ընդհանրապես, ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Ղարաբաղի ժողովրդին, ընդհանրապես ժողովրդին որևէ բանում մեղադրելը անհեթեթություն է: Ժողովրդին չի կարելի որևէ բանում մեղադրել, առավել ևս՝ Ղարաբաղի ժողովրդին, ում մասին ես ասում եմ, որ նրանք պատանդի կարգավիճակում են»,- ասաց վարչապետը։
Դիմելով լրագրողին՝ նա ասաց՝ այդ ձեր ասած շրջանակներն են, որ ժողովրդի հասցեին ինչ ասես ասում են։ «Կներեք, ես դա չեմ հասկանում, դա քաղաքական՝ ինչ-որ առումով տգիտություն է, եթե այդ մարդիկ ժողովրդի հասցեին ինչ ասես ասում են, հետո էլ ասում են՝ մենք ընտրություններում հաղթելու ենք։ Ընտրողների մասին վերջին բառերով ինչ ասես ասում են, հետո ասում են՝ մենք հեսա գալու ենք, ընտրությունները հաղթելու: Սա ի՞նչ է, եթե ոչ քաղաքական տգիտություն»,- ասաց վարչապետը։