Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է այն ազդակներին, որոնց համաձայն՝ Կառավարությունը հարկային տեռոր է սկսել բիզնեսի նկատմամբ: «Մեր արձագանքը. մենք ոչ միայն տեռոր անելու ցանկություն չունենք, այլև ընդհակառակը՝ տնտեսությունը քաջալերելուն ուղղված տասնյակ միլիարդներ ենք ծախսում։ Այսօր ընկերություն չկա, որ մեր աջակցությամբ մի հատ մեքենա, սարքավորում գնած չլինի, արտոնյալ վարկ վերցրած չլինի։ Բայց, մյուս կողմից, մեր սկզբունքը շատ հստակ է՝ բիզնեսից մենք ակնկալում ենք հարկային պարտաճանաչություն և ակնկալում ենք, որ իրենք իրենց հարկերը վճարեն։ Մենք չենք ակնկալում ոչ մի լումա ավելի և ոչ մի լումա պակաս»,- նշել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ օրենսդրական նախաձեռնության փաթեթը Ջերմուկում կայացած գործարար աշխատաժողի արդյունքն է: «Երբ մենք արդեն գործնականում փորձեցինք հասկանալ՝ տպավորությունների պատճառն ինչն է, տեսանք, որ մեր օրենսդրության մեջ կան կարգավորումներ, որ ՊԵԿ-ը շատ դեպքերում գործում է ինքնաշխատ եղանակով։ Այսինքն՝ օրենքով եկավ, շեմը հատեց, ինքն իր գործողությունը պետք է անի, հակառակ դեպքում պաշտոնյաները կարող են մեղադրվել իրենց գործառույթները չիրականացնելու մեջ։ Այդ քննարկումներին ներկա էր նաև Քննչական կոմիտեի նախագահը։ Եվ մենք ընդհանուր առմամբ եկանք այս ըմբռնմանը և հիմա իրականացնում ենք դա»,- ասել է նա։