Մենք ասում ենք, որ ակնկալում ենք՝ այս ընտրությունների արդյունքում ունենալ սահմանադրական մեծամասնություն, որովհետև սահմանադրական մեծամասնությունն է, որ կերաշխավորի, որ պրոցեսները, մասնավորապես տարածաշրջանային խաղաղության համատեքստում, կդարձնենք լիարժեքորեն անշրջելի: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչ վերաբերում է պատերազմի կուսակցությանը, ամեն օրվա հետ դա ինձ համար դառնում է ավելի ակնհայտ, որովհետև այդ կուսակցությունները և այդ շրջանակները ի՞նչ են ասում. առաջինը՝ ասում են, որ դեմ չեն խաղաղությանը, և երկրորդիվ սկսում են խոսել, որ իրենց իշխանության գալու պարագայում սկսելու են վերանայել խաղաղությունը:
Դա ես շատ ուղիղ, առանց սեթևեթանքի ուզում եմ ասել, որ պատերազմ է ՀՀ-ի ոչ միայն տարածքային, այլև ինքնիշխանության կորստով: Այդ ուժերից ոմանք, ըստ ամենայնի, չեն հասկանում՝ ինչ են ասում, որովհետև այն տեքստերը, որ նրանք արտասանում են, առնվազն մի մասը, ինձ համար ակնհայտ է, որ ուրիշ տեղեր են գրված, և նրանք պարզապես կարդացողի կարգավիճակում են, առավել ևս իրենց ասածը, խոսածը չհասկացող ուժերը և քաղաքական գործիչները չպետք է կարողանան ընդհանրապես Հայաստանում որևէ պաշտոնական կարգավիճակի հավակնել: Առաջիկայում ես դրան վերաբերող ֆեյսբուքյան եթեր եմ պլանավորում և դրան մանրամասն կանդրադառնամ:
Այդ բոլոր ուժերը, ըստ էության, հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչը այդ փաստի բերումով նշանակում է անխուսափելի պատերազմ, ընդ որում՝ ընտրություններից շատ չանցած, մաքսիմալ՝ աշնանը: Այդ բոլոր ուժերը, հստակ՝ մի մասը, ենթադրում եմ՝ չի էլ հասկանում՝ ինչ է ասում, բայց իրենք պատրաստում են նոր սեպտեմբերյան պատերազմ՝ ծանր հետևանքներով»,- խոսքը եզրափակեց Նիկոլ Փաշինյանը: