Պարագվայը վերջին հարավամերիկյան երկիրն է, որը վավերացրել է Եվրամիության հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին համաձայնագիրը: Նպատակն է ստեղծել աշխարհի ամենամեծ ազատ առևտրի գոտիներից մեկը՝ ավելի քան 700 միլիոն բնակչություն ունեցող շուկա և համաշխարհային ՀՆԱ-ի մոտավորապես 20%-ը։
Այսպիով, Ասունսիոնում խորհրդարանի քվեարկությունից հետո, ամբողջ ՄԵՐԿՈՍՈՒՐԸ՝ Արգենտինան, Բրազիլիան, Ուրուգվայը և Պարագվայը, պաշտոնապես վավերացրել են փաստաթուղթը: Այս իրադարձությամբ ավարտվում է բանակցությունների գրեթե 30-ամյա ճանապարհը: Սակայն դա չի նշանակում, որ համաձայնագիրն անհապաղ ուժի մեջ է մտնում, քանի որ սպասվում է Եվրամիության պատասխանը, որտեղ դեռևս առկա են քաղաքական և իրավական խոչընդոտներ:
Համաձայնագրին դեմ էին Ֆրանսիան և Հունգարիան՝ պատճառաբանելով, որ Բրազիլիայից և Արգենտինայից էժան մսի ու գյուղատնտեսական արտադրանքի ներհոսքը կվնասի եվրոպացի ֆերմերներին։ Հետագայում նրանք համաձայնեցին, և 2026 թվականի հունվարին ԵՄ երկրները վերջապես քաղաքական հավանություն տվեցին համաձայնագրին:
Չնայած քաղաքական հավանությանը՝ համաձայնագիրը, այնուամենայնիվ, չի կարող ուժի մեջ մտնել, քանի որ դրա իրականացումը արգելափակված է Եվրամիության դատարանում: Այնտեղ քննարկվում է փաստաթղթի վավերացման ընթացակարգային և իրավական ասպեկտների հետ կապված բողոքը։