Թող հանգստացնող և այլ միջոցառումներ իրականացնի, առողջարանային կամ այլ, չխորանամ, իր խնդիրն է, մեկնաբանելու բան չունեմ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ արձագանքելով «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, որ չի հանգստանա, մինչև այս իշխանությանը չհեռացնի:
«Կարծում եմ, որ նա նաև չի հանգստանում, որովհետև ապօրինի գույքի բռնագանձման բավական մեծ փաթեթ կա, որը պետք է հաջողությամբ նրան հանգստացնի, երբ պետությանը վճարի վերջին լուման՝ իր կողմից թալանված: Ապօրինի գույքի բռնագանձման թե՛ օրենսդրական դաշտն է ստեղծված, թե՛ գործերն են ընթացքի մեջ, թե՛ ունենք կայացած վճիռներ, վստահաբար մինչև վերջին լուման մեր պետությունը հետ կբերի»,- նշեց նա:
Առողջապահության նախարարը նշեց, որ պետական բյուջեն կրկնակիից ավելի ավելացել է հենց նրա շնորհիվ, որ 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ-ում իշխանությունը անում է ամեն բան՝ տնտեսական աճը ապահովելու, ոչ թե թալանելու, այլ դա ուղղելու առողջության ապահովագրությանը, ճանապարհների կառուցմանը, դպրոցների կառուցմանը և այլ տնտեսական ծրագրերի:
«Մեր ուրախ ավտոբուսը, այս օրերի ընթացքում մեր քաղաքացիների, մեր ժողովրդի այն ահռելի սիրո, աջակցության և գնահատանքի ալիքը, չափաբաժինը, որ ստացել ենք, մեզ մղում է է՛լ ավելի լծվելու՝ ծառայելու մեր ժողովրդին, է՛լ ավելի մեծ եռանդով և ուժով պայքարելու, որ 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններում ՔՊ-ն ունենա սահմանադրական մեծամասնություն և շարունակի մեր երկրի զարգացման անկասելիությունը, ապահովի խաղաղության ամրապնդումը»,- նշեց Անահիտ Ավանեսյանը: