Ներկայումս ՀՀ-ում գործում են մի շարք օրենքներ, որոնք նախատեսում են մամուլում տարաբնույթ տեղեկությունների հրապարակման պահանջ: Նշված պահանջն արդիական է եղել նախկինում, երբ տպագիր մամուլը հանրության իրազեկման հիմնական միջոցն էր, այդպիսի նորմերը միտված էին հանրության լայն շրջանակների տեղեկատվության հասանելիությունն ապահովելու այլակերպ՝ հրապարակային ծանուցելուն: Սակայն վերջին տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաների արագ զարգացումը, թվային հարթակների հասանելիությունն ու դրանց միջոցով տեղեկությունների տարածման շրջանակը փաստում են տպագիր մամուլով տեղեկատվության հրապարակման ժամանակավրեպ լինելը, տպագիր մամուլը կորցրել է իր նախկին տարածումն ու դերակատարումը: Այս մասին պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 18-ին կայացած հերթական նիստի ընթացքում ասել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը:
«Տպագիր մամուլում հրապարակման գործընթացը բավականին ծախսատար է, այս ամենը հանգեցնում է հանրության լայն շրջանակների համար տեղեկատվության փաստացի սահմանափակման և լրացուցիչ ծախսերի, հետևաբար տպագիր մամուլի հրապարակումները ներկայում չեն կարող համարվել արդյունավետ կամ հասանելի ձև՝ տեղեկատվության տարածման համար»,- տեղեկացրել է արդարադատության նախարարը՝ հավելելով, որ նախատեսվող փոփոխությունների նպատակն է վերացնել ծանուցումները, այլ բնույթի փաստաթղթային հրապարակումներից բխող տեղեկատվությունը տպագիր մամուլում հրապարակելու վերաբերյալ պարտադիր պահանջը՝ այն փոխարինելով azdarar.am հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում կամ այս կամ այն կազմակերպության ինտերնետային կայքում հրապարակմամբ:
Ըստ Սրբուհի Գալյանի՝ գործող կարգավորումների վերանայումը բխում է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ իրավական դաշտի ներդաշնակեցման անհրաժեշտությունից:
Նախագծի հարակից զեկուցմամբ հանդես է եկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը:
Պատգամավորը նշել է, որ փոփոխությունները միտված են օրենքների արդիականացմանն ու առաջարկել պատեհ պահի կողմ քվեարկել:
Հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն: