Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարությանը և ժողովրդին Իրանից Հնդկաստանի 550 քաղաքացու անվտանգ տարհանման համար: «Գնահատում ենք նրանց աջակցությունն այս դժվարին ժամանակներում», - գրել է նա:
Միևնույն ժամանակ Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունները չեն դադարում արդեն 17 օր: Իսրայելը հայտնել է Թեհրանում, Շիրազում և Թավրիզում Իրանի կառավարության ենթակառուցվածքները թիրախավորելու մասին: ԱՄՆ-ն իր հերթին հայտարարել է, որ զինված ուժերը կենտրոնացած են ռազմական նպատակների վրա և ոչնչացնում են Իրանի բալիստիկ հրթիռների, անօդաչուների և նավատորմի ներկայացրած սպառնալիքը:
Իրանն իր հերթին թիրախավորել է Իսրայելի զենքի արտադրության գործարանները: Բացի այդ, հարվածներ են հասցվել Արաբական Միացյալ Էմիրություններին, Իրաքին, Սաուդյան Արաբիային, Քուվեյթին, Բահրեյնին:
Զուգահեռ շարունակվում է Իսրայելի և լիբանանյան «Հըզբոլլահ»-ի միջև հակամարտությունը: Իսրայելի բանակը հայտնել է Լիբանանի հարավում ցամաքային սահմանափակ գործողություն սկսելու մասին:
Մերձավոր Արևելքում հակամարտությունն ազդել է Հորմուզի նեղուցով նավագնացության վրա, ինչը հանգեցրել է նավթի գնի բարձրացման: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ բանակցում է 7 երկրի հետ, որպեսզի նրանք միանան նեղուցը վերահսկելու նպատակով ստեղծվող կոալիցիային: Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի ապագայի համար շատ վատ կլինի, եթե դաշնակիցները չօգնեն այդ հարցում:
Այս հայտարարությանն արձագանքել է Իրանի արտգործնախարարը: Աբբաս Արաղչին նշել է, որ Իրանի տեսանկյունից Հորմուզի նեղուցը բաց է: Այն փակ է միայն երկրի թշնամիների և նրանց դաշնակիցների համար:
Իրանի արտգործնախարարության խոսնակն իր հերթին հաստատել է, որ մի քանի երկրի նավեր Թեհրանի թույլտվությամբ անցել են Հորմուզի նեղուցով: Ըստ տեղեկությունների՝ նման թույլտվություն են ունեցել պակիստանյան և հնդկական լցանավերը:
Հորմուզի նեղուցի շուրջ իրավիճակը քննարկել են նաև Եվրամիության երկրների արտգործնախարարները: ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի խոսքով՝ նեղուցը բաց պահելը բխում է Եվրոպայի շահերից: Նա նաև վտանգավոր նախադեպ է որակել ԱՄՆ-ի կողմից ռուսական նավթի նկատմամբ սահմանափակումների մեղմացումը՝ շեշտելով՝ Հորմուզի նեղուցի փակումը շահավետ է Ռուսաստանի համար:
Իր հերթին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում պատերազմը չպետք է անսպասելի հաջողություն դառնա ՌԴ նախագահ Պուտինի համար:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։
Հեղինակ՝ Սյուզաննա Չրաղյան